Ահաբեկչությունների ալիքը հասավ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ
Международные новостиՉորեքշաբթի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում տեղակայված կազմակերպության նիստերի դահլիճում, որտեղ այդ պահին ընթանում էր տոնական արարողություն, զինվորական համազգեստով անհայտ անձինք ներխուժել են դահլիճ և անկանոն կրակ բացել ներկաների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով նախնական տվյալներով մահացել է 14 մարդ, իսկ 17-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Գրոհայինները ոճրագործությունն իրականացնելուց հետո կարողացել են փախչել, սակայն ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հարձակում գործած երկու անձինք՝ մեկ կին և մեկ տղամարդ, սպանվել են: Քաղաքի ոստիկանության կողմից տարածած տվյալների համաձայն՝ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է նաև մեկ ոստիկան:
Նախնական տեղեկություններով՝ ահաբեկիչների ինքնությունը հայտնի է: Նրանք եղել են ամուսիններ, իսկ ահաբեկչության պատճառները դեռևս պարզվում են: Քաղաքի ոստիկանապետ Ջերոդա Բուրգուան հայտարարել է, որ ահաբեկիչները մինչ այդ կարողացել են մանրամասն պլանավորել հարձակումը: Տեղի իրավապահները չեն բացառում, որ կատարվածը կարող է ահաբեկչական գործողություն լինել: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի շտապել այն ահաբեկչական գործողություն որակել՝ չհերքելով, որ երկրում զենքի ազատ վաճառքը կարող է նման բազում ողբերգական հարձակումների պատճառ դառնալ:
Ռուսական փորձագիտական շրջանակները, սակայն, կատարվածը կապում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և ԴԱԻՇ-ի հետ՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից վարվող անորոշ քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ԴԱԻՇ-ի ձեռքերը հասան նաև ԱՄՆ:
Ա.Գ.