Թուրքիան հետ չի քաշի Իրաք ուղարկած ուժերը
Международные новостиԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Չանքայայի իր նստավայրում անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, նիստի օրակարգում ամենակարևոր հարցը եղել է Իրաքի հյուսիսային շրջանում թուրքական զորքերի տեղակա յման խնդիրը:
Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Դավութօղլուն հերթական անգամ փաստել է, որ իրենք հարգում են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Թեպետ պաշտոնական Անկարան միառժամանակ դադարեցրել է նոր զորքերի ուղարկումը Իրաքի հյուսիսային շրջաններ, սակայն հայտնի է դարձել, որ դեռևս չի պատրաստվում հետ քաշել արդեն ուղարկած ուժերը:
Թուրքիան դեկտեմբերի 5-ին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում 400 զինծառայող, 18 տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է ուղարկել Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադիին՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր չէ հավելյալ զորքեր ուղարկել Իրաքի հյուսիսային շրջաններ: