Մոսկվան Թուրքիային նախազգուշացրել է Սիրիա զորք մտցնելու գայթակղությունից
Международные новостиՌուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան Սիրիայում գործողություններ չի ձեռնարկի Իրաքում ուժերի տեղակայման օրինակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն այդ հայտարարությունն արել է՝ ամփոփելով Անվտանգության խորհրդի փակ հանդիպման արդյունքները, որտեղ քննարկվել է Իրաքի հյուսիս թուրքա կան զորքեր մտցնելու հետ կապված իրադրությունը:
«Հուսով ենք, որ այն անհանգստությունը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Անվտանգության խորհրդի մի շարք անդամներ հայտնեցին մեր նախաձեռնած քվեարկության ընթացքում, կսթափեցնի Անկարայի տաք գլուխներին, եւ նրանք Իրաքի հետ կապված իրադրությունը կկարգավորեն այնպես, որ դա բավարարի Իրաքի կառավարությանը»,- նշել է Չուրկինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան «չի ձեռնարկի ինչ-ինչ նոր անխոհեմ քայլեր, այդ թվում՝ Սիրիայի տարածքում»:
Իրաքի իշխանությունների տվյալներով՝ դեկտեմբերի 4-ին թուրքական տանկային բրիգադ է մտել Իրաքի Նինվեի նահանգ՝ քրդական աշխարհազորի մարտիկներին պատրաստելու պատրվակով, որոնք կռվում են ահաբեկիչների դեմ: Իրաքի դիվանագիտական գերատեսչությունը եւ պաշտպանության նախարարությունը թուրք զինվորների ներկայությունը որակել են «թշնամական գործողություն», որը համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ:
Դեկտեմբերի 6-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ երկրի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում գործադրել ցանկացած հնարավոր միջոց, ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը, եթե թուրքական զորքերը 48 ժամվա ընթացքում չհեռանան երկրի տարածքից: