Վրաստանին ՆԱՏՕ ներքաշելը խարխլում է Անդրկովկասի իրադրության կայունացման ջանքերը. ՌԴ ԱԳՆ
Международные новостиՎրաստանին ՆԱՏՕ ներքաշելը խարխլում է Անդրկովկասի իրադրության կայունացմանն ուղղված բազմակողմ ջանքերը: Այս կարծիքը հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում՝ ամփոփելով դեկտեմբերի 8-9-ին Ժնեւում կայացած քննարկումների արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Հանդիպմանը մտահոգություն է հայտնվել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ռազմական համագործակցության խորացման կապակցությամբ: Թբիլիսիին արագացված կարգով դաշինք ներքաշելը խարխլում է Անդրկովկասի իրադրության երկարաժամկետ կայունացմանն ուղղված բազմակողմ ջանքերը, այդ թվում՝ «Ժնեւյան բանավեճերի» աշխատանքը»,- նշել են նախարարությունում:
ԱԳՆ-ում հայտնել են, որ Աբխազիայի, Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ ուժի չկիրառման հարցերի քննարկման շրջանակներում վերստին ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության պահպանման համար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրերի ստորագրման առաջնային նշանակությունը:
ՌԴ ԱԳՆ-ում նաեւ տեղեկացրել են, որ Ժնեւի քննարկումները նախատեսվածից շուտ են ավարտվել Վրաստանի պատվիրակության կողմից փախստականների հիմնախնդրի քննարկում պարտադրելու պատճառով: «Օրվա վերջին վրացական պատվիրակության կողմից փախստականների հիմնախնդրի քննարկում պարտադրելու համառ փորձերի կապակցությամբ հետագա աշխատանքը հայտնվել է արգելափակված վիճակում,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում:- Քննարկումների համանախագահները որոշում են ընդունել վաղաժամկետ ավարտել կոնսուլտացիաները»:
Անդրկովկասի իրադրության շուրջ միջազգային քննարկումների հերթական փուլին մասնակցել են Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի համանախագահությամբ:
Հաջորդ հանդիպումը նախնական կարգով նշանակվել է 2016 թվականի մարտի վերջին: