Տնտեսական ճգնաժամում գտնվող Ադրբեջանում պետական կառույցների կրճատումը շարունակվում է
Международные новостиՆավթի համաշխարհային գների անկման պատճառով ստեղծված ծանր տնտեսական կացության կապակցությամբ Ադրբեջանում սկսվել է Ստանդարտացման, չափագիտության եւ պատենտավորման պետական կոմիտեի կրճատման գործընթացը եւս:
Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ կոմիտեում արդեն մի քանի կառույցներ վերացվել են եւ մեծ թվով աշխատակիցներ հայտնվել կրճատման տակ:
Նշվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կոմիտեի մոտ 200 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Իսկ դրանից առաջ սկսված «բարեփոխումների» անվան տակ պաշտոններից ազատվել էին մոտ 100 աշխատակիցներ:
Վերջին մեկ ամսվա ընթացքում կոմիտեի կազմում գտնվող «Փորձաքննական կենտրոնի` Բաքվի վարչությունից կրճատվել են 60, Գյանջայի բաժանքունքից` 20 աշխատակիցներ:
Կենտրոնի հավաստագրման բաժանմունքն ամբողջությամբ վերացվել է: Ներկայում աշխատանքներ են տարվում կոմիտեն ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Կոմիտեի որոշ վարչություններ, հնարավոր է, միացվեն նմանատիպ նախարարությունների հետ:
Թերթը հայտնում է, որ դրանից առաջ վերացվել էր Պետական հողերի եւ քարտեզագրման կոմիտեն եւս:
«Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայության զեկույցին հայտնել էր, որ անցյալ տարվանից սկսված նավթի էժանացման արդյունքում Ադրբեջանի նավթային եկամուտները մոտ 9 մլրդ դոլարով նվազել են:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին:
Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել: Եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել. երկու անգամ կրճատվել է նաեւ Ադրբեջանի 2016 թվականի ռազմական բյուջեն:
Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեի մասին օրենքի համաձայն, որն արդեն վարերացվել է երկրի ղեկավարի կողմից, պետբյուջեի եկամուտները կանխատեսվել են 14,566 մլրդ մանաթի չափով, ծախսերը` 16,264 մլրդ մանաթի չափով: Պետբյուջեի դեֆիցիտը կազմում է մոտ 1,7 մլրդ մանաթ: Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի դիմաց հաշվարկվել է 50 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 49,06 դոլարով ցածր է: