Սիրիայի ընդդիմադիրները «գերագույն խորհուրդ» են կազմել իշխանությունների հետ բանակցելու համար
Международные новостиՍիրիական ընդդիմության տարբեր խմբավորումների ներկայացուցիչների՝ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը հաջողվել է կազմել «գերագույն խորհուրդ», որը պատվիրակություն կընտրի Սիրիայի իշխանությունների հետ բանակցելու համար: Այդ մասին հաղորդել է Washington Post թերթը:
Խորհրդի կազմում ընդգրկվել է 32 մարդ, նրանք կորոշեն բանակցություններին մասնակցող պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 15 մարդուց:
Հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ պատրաստ են Դամասկոսի հետ բանակցություններ վարել 2012 թվականին Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
Ինչպես հաղորդել է Associated Press գործակալությունը, հանդիպման մասնակիցների մեծամասնությունը համաձայնել է ժողովրդավարական Սիրիայի ստեղծմանը եւ անցումային կառավարության ձեւավորմանը, որը կհարգի մարդու իրավունքները եւ երկրի տարածքային ամբողջականությունը: Նրանք նաեւ անհրաժեշտ են համարել պահպանել գոյություն ունեցող պետական ինստիտուտները՝ վերակազմելով, սակայն, անվտանգության ուժերը:
Դրա հետ մեկտեղ հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ նախագահ Բաշար Ասադը չի կարող անցումային կառավարության անդամ լինել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: