Ադրբեջանի ԱԱՆ-ից ազատվել է 250 մարդ
Международные новостиԹերությունների եւ աշխատանքում բացթողումների պատճառով վերջին մեկ ամսում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից մոտ 250 աշխատակիցներ ազատվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով minval.az կայքը, այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել է ԱԱՆ նախարարի պաշտոնակատար Մադաթ Գուլիեւը:
Նրա խոսքով` աշխատանքից ազատվածների փոխարեն նոր նշանակումներ դեռեւս չկան: Գուլիեւը հավելել է, որ ԱԱՆ-ում «կրճատումները» շարունակվելու են:
«Մենք գտնում ենք, որ ԱԱՆ-ի անձնակազմը թվաքանակով պետք է լինի ոչ մեծ, բայց մոբիլ եւ օպերատիվ», -ասել է Գուլիեւը:
Միեւնույն ժամանակ Գուլիեւը խուսափել է մեկնաբանել ԱԱՆ նախկին աշխատակիցների ձերբակալությունները` հղում կատարելով հետաքննության շարունակվելուն:
«Ադրբեջանի ԱԱՆ-ում կրճատումները շարունակվելու են: Պետք է վերակազմակերպում արվի, քանի որ նախարարության աշխատակիցների թվաքանակը պետք է լինի ոչ մեծ, իսկ աշխատանքը` օպերատիվ: Իմ գալուց հետո ԱԱն-ում 250 մարդ ազատվել է աշխատանքից», -ասել է նա:
Ավելի վաղ հայտնվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2015 թվականի հոկտեմբերի 17-ի հրամանագրով ԱԱ նախարար Էլդար Ահմեդ օղլու Մահմուդովին պաշտոնից ազատելու մասին: Նշվել էր, որ անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ԱԱՆ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ: Դրա վրա նրանք միլիոններ են վաստակել: Այսպես, Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ ԱԱՆ աշխատակիցների խումբը գաղտնալսող սարքերով հետեւել է Ադրբեջանի բիզնես վերնախավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությանը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել:
Մինչ այժմ զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱԱՆ 9 բարձրաստիճան աշխատակիցներ, այդ թվում` 4 գեներալ, եւ ձերբակալվել ԱԱՆ 20-ից ավելի աշխատակիցներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ԱԱՆ-ը 11 տարի ղեկավարած Էլդար Մահմուդովի պաշտոնանկության հնարավոր պատճառներից են համարում նաեւ երկրի` օրերս ձերբակալված Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի հետ կոռուպցիոն կապերը, սեփական ապօրինի բիզնեսները եւ այլն:
«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրել է, որ «բոլոր դեպքերում, ԱԱՆ երկարամյա ղեկավարին «հարվածելը» ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանության ներսում խարդավանքներն ուժգնանում են» եւ «ներիշխանական խմբավորումների միջեւ պայքարը հասել է գագաթակետին»: