Գերմանացիների մեծամասնությունը զգուշանում Է Սիրիայի ռազմարշավին երկրի մասնակցությունից
Международные новостиԳերմանացիների գրեթե երկու երրորդն այն կարծիքին Է, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը բունդեսվերի մասնակցությունը մեծացնում Է ահաբեկչական սպառնալիքը բուն Գերմանիայում: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է ZDF հեռուստաալիքի պատվերով «Քաղաքական բարոմետրի» անցկացրած հարցումից:
Հարցումն Mannheimer Forschungsgruppe Wahlen սոցիոլոգիական ինստիտուտի կողմից ավանդաբար պատրաստվել Էր դեկտեմբերի 8-ից մինչեւ 10-ը, դրան մասնակցել Է ԳՖՀ-ի՝ ձայնի իրավունք ունեցող 1266 քաղաքացի:
Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 64 տոկոսը կարծում Է, որ Սիրիայում գործող ռազմական կոաալիցիային ԳՖՀ-ի ռազմաօդային ուժերի մասնակցությունը սպառնում Է Գերմանիայի անվտանգությանը, միայն 33 տոկոսն Է այն կարծիքին, որ ահաբեկչական սպառնալիքը երկրում չի աճի: Դրա հետ մեկտեղ գերմանացիների 49 տոկոսը ճիշտ Է համարում ռազմական մանդատի վերաբերյալ բունդեսվերի որոշումը, 46 տոկոսը ճիշտ չի համարում:
Գերմանիայի Բունդեսթագը դեկտեմբերի 4-ին ձայների մեծամասնությամբ հավանություն Է տվել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում ֆրանսիացի գործընկերներին պաշտպանելու ԳՖՀ-ի կառավարության մտադրությանը:
Համապատասխան մանդատը նախատեսված Է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար եւ չի ենթադրում զինվորների մասնակցությունը ցամաքային գործողությունների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: