ԱՄՆ-ը կոչ է արել Գերմանիային կոալիցիայի շրջանակում ավելացնել ռազմական անձնակազմը
Международные новостиԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը կոչ է արել Գերմանիայի պաշտոնակցին` Ուրսուլա վոն դեր Լեյենին, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակում ընդլայնել ռազմական անձնակազմը: Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է գերմանական «Շպիգելը»` վկայակոչելով նախորդ շաբաթ Լեյենին գրված Քարթերի նամակը:
«Գերմանիայի կառավարությանը զարմացրել է նման առաջարկը: Երկիրը դեռ չի պատասխանել նամակին»,-գրում է «Շպիգելը»` հղում անելով սեփական աղբյուրին, որն ասել է նաև, որ ԱՄՆ-ը նամակներով դիմում է կոալիցիայի մյուս գործընկերներին ևս` նպատակ ունենալով նրանց ստիպել ընդլայնել մասնակցությունը Սիրիայում և Իրաքում օդային գործողություններին:
Գերմանիայի Բունդեսթագը դեկտեմբերի 4-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սիրիայում ԻՊ-ի դեմ ֆրանսիացիների պայքարին աջակցելու ԳԴՀ կառավարության մտադրությանը: Մանդատը կգործի մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը: Գերմանիան մասնակցություն կունենա միայն օդային գործողություններում: