Բելառուսը որպես դիտորդ կմասնակցի ՇՀԿ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Международные новостиԲելառուսն առաջին անգամ որպես դիտորդ-պետություն կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի քննարկումներին:
Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւը:
«Բելառուսի կարգավիճակի բարձրացման, որպես գործընկեր Հայաստանի, Ադրբեջանի, Կամբոջայի, Նեպալի՝ «Շանհայի ընտանիքին» միանալու գործընթացը, ՇՀԿ անդամների թիվը մինչեւ 18 պետության հասցնելը գործոններ են, որոնք առանձնացնում են անցնող տարին: Մենք վստահ ենք, որ Խորհրդի առաջիկա նիստի ընթացքում գնահատական կտրվի առեւտրատնտեսական ներկա պրակտիկային, նոր քայլեր եւ նախաձեռնություններ կառաջարկվեն, որոնց իրականացումը թույլ կտա հաստատել, որ ՇՀԿ-ի տնտեսական համագործակցությունը կազմակերպության զարգացման առաջահերթություններից է»,- հավելել է նա:
Բելառուսի պատվիրակությունն առաջին անգամ կմասնակցի կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին, «6+6» ձեւաչափով քննարկմանը: Դա պետությանը թույլ կտա սեփական տեսակետն ու մոտեցումները ներկայացնել առեւտրատնտեսական, մշակութային-մարդասիրական համագործակցության հարցերի շուրջ: