Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը հասել է 3,1 հազարի. ՄԱԿ
Международные новостиՈւկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլին հակամարտության սկսվելուց ի վեր զոհվածների թիվը հասել է 3,1 հազարի, վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի կոորդինացման վարչության հաշվետվության մեջ:
«Սեպտեմբերի 11-ի դրությամբ Ուկրաինայի արևելքում սպանվել է առնվազն 3171 մարդ, ներառյալ առնվազն 27 երեխա, վիրավորվել է 8061 մարդ, ներառյալ առնվազն 56 երեխա»,- նշվում է փաստաթղթում:
Զինված ուժերի և ապստամբների դիմակայության պատճառով իրենց տները լքած անձանց թվաքանակը հասել է 263 հազարի: Եվս 366,9 հազար ուկրաինացիներ փախել են հարևան երկրներ, նրանցից 325,9 հազարը՝ Ռուսաստան:
Ընդսմին, ինչպես ավելի վաղ նշել են ՄԱԿ-ում, իրական թվերը շատ ավելի մեծ են և գերազանցում են մեկ միլիոնը, քանի որ ներքին վերաբնակներից շատերը գերադասում են չգրանցվել, իսկ փախստականների վերաբերյալ վիճակագրությունը ներառում է միայն այն մարդկանց, ովքեր պաշտոնապես փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան են խնդրել:
Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմին, ինչի մասին հայտարարվել էր սեպտեմբերի 5-ին, ապա, ՄԱԿ-ի տվյալներով, «ընդհանուր առմամբ այն պահպանվում է, թեև դրա առանձին խախտումների մասին ամենօրյա հաղորդումներ են լինում»,- հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: