Երեք ժամ, որոնք չփոխեցին աշխարհը, բայց մոտեցրին դիրքորոշումները. Քերիի Մոսկվա այցի արդյունքները
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի՝ ավելի քան երեք ժամ տեւած հանդիպումը բեկումնային չդարձավ երկու երկրների հարաբերություններում, սակայն կողմերը կարողացան հանգամանորեն քննարկել եւ ինչ-որ չափով նույնիսկ մոտեցնել դիրքորոշումները Սիրիայի, Ուկրաինայի իրադրության կարգավորման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անել ով ՏԱՍՍ-ին: Բանակցությունների արդյունքում Քերին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չի ձգտում մեկուսացնել Ռուսաստանին, մտադիր է Մոսկվայի հետ համագործակցել ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ համատեղ լուծել Սիրիայի խնդիրները:
Կրեմլում կայացած բանակցությունների հիմնական հարցերից մեկը Սիրիան էր: «Մենք գտնում ենք, որ պետք է գործել հավաքական ձեւաչափով, որը ներառում է բոլոր հանգուցային խաղորդներին, որոնք այս կամ այն չափով ազդում են Սիրիայում կռվող կողմերի վրա, եւ այն ձեւաչափով, որին հավանություն է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- հանդիպման ավարտին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովը նաեւ նշել է, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն հավաստել են «Վիեննայի հանդիպումների» շրջանակներում Սիրիայի իրադրության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները :
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը միասին կարող են շատ բան անել Սիրիայի խնդիրները լուծելու համար: «Ինչպես «Վիեննա-1»-ը, այնպես էլ «Վիեննա-2»-ը, լավ սկիզբ են եւ կարող են մի ամբողջ շարք հնարավորություններ բացել»,- ասել է նա:
Քերին պնդել է, որ Բաշար Ասադը պետք է հեռանա: «Մենք ասացինք, թե չենք կարծում, որ Ասադը հնարավորություն ունի ապագայում լինել Սիրիայի առաջնորդը»,- ասել է Քերին լրագրողներին ՌԴ նախագահի հետ կայացած հանդիպումից հետո: Բայց իսկույն էլ նշել է, որ կողմերը բանակցություններում իրենց ուշադրությունը չեն կենտրոնացրել Ասադի պաշտոնաթողության վրա:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ այլ մասնակիցների շնորհիվ հաջողվել է մեռյալ կետից շարժել սիրիական կարգավորումը: Հաջողությունն ամրապնդելու համար որոշվել է դեկտեմբերի 18-ին Սիրիային նվիրված հանդիպում անցկացնել Նյու Յորքում, որի արդյունքների հիման վրա պլանավորվում է ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ եւ դրանով իսկ հավաստել հոկտեմբերի 30-ին եւ նոյեմբերի 14-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՌԴ-ի նախագահի հետ հանդիպմանը Քերին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու համար: «Մեր երկրների, գլոբալ հանրակցության շահերից է բխում, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն արդյունավետ աշխատեն»,- ասել է նա: «Ես նախագահ Պուտինին հավաստեցի, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ ԴԱԻՇ-ին պարտության մատնելու համար»,- նշել է Քերին:
Կրեմլում կայացած հանդիպմանը կողմերը նաեւ քննարկել են ուկրաինական թեմատիկան: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հավաստել են աջակցությունը Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածություններին, հայտարարել է Լավրովը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները: Ընդսմին նա նշել է, որ Ռուսաստանը «կոնկրետ առաջարկներ ունի» այն բանի վերաբերյալ, թե ինչպես ավելի արդյունավետ հասնել դրանց իրականացմանը:
ԱՄՆ-ի պետքարտուղարն իր հերթին հայտարարել է, թե որքան արագ կատարվեն Մինսկի համաձայնությունները, այնքան ավելի շուտ կչեղարկվեն Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները: «Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, շարունակել համատեղ ջանքերը՝ լուծելու Ուկրաինայի հակամարտությունը»,- հավելել է Քերին: