Հայն ու վրացին՝ հանուն Ուկրաինայի «պայծառ» ապագայի
Международные новостиOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման հարցի շուրջ վեճի ժամանակ ջուր է շփել Օդեսայի մարզի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի վրա, երբ նահանգապետը երկարաշունչ ճառ է արտասանել՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին մեղսագրելով երկրում առկա կոռուպցիոն գործընթացների մեջ:
Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարը թեև հայտարարել է, որ վեճի տեսագրությունը չի հանրայնացվելու, քանի որ այն ստվերում է իրենց երկիրը, սակայն ականատեսների տեղեկացմամբ՝ հերթական անգամ Յացենյուկն ու Ավակովը Սահակաշվիլիին «գաստրոլյոր» են անվանել և խորհուրդ տվել մաքրվել Ուկրաինայից:
Իրականում ինչո՞ւ են վիճում Մայդանի երբեմնի առաջնորդները: «Բի-բի-սի» գործակալության տեղեկացմամբ՝ Սահակաշվիլի-Յացենյուկ վեճը սկսվել է դեռևս օգոստոսից, երբ նահանգապետը մեղադրանքներ է հնչեցրել Ուկրաինայի մի շարք պաշտոնյաների և գործարարների հասցեին: Սահակաշվիլին, այդ առիթն օգտագործելով, երկրի կառավարությանը մեղադրել է երկրի օլիգարխներին ամենաթողության մատնելու և բարեփոխումներ չնախաձեռնելու հարցում, ինչը և դարձել է վրացի պաշտոնյայի առաջին ուղիղ մեղադրանքը Ուկրաինայի ներկայիս կառավարության հասցեին: Փորձագետների կարծիքով՝ այս քայլով Սահակաշվիլին ձեռնոց նետեց Յացենյուկի կառավարությանը՝ ցույց տալով իր հավակնություններն այդ պաշտոնը ստանձնելու հարցում: Չնայած, որ երկրում Սահակաշվիլիին սատարողների բանակն ավելի մեծ է ոչ միայն Օդեսայում, այլև ողջ Ուկրաինայում, այնուամենայնիվ, Յացենյուկի կողմնակիցները Օդեսայի մարզի նահանգապետին մեղադրոմ են պոպուլիզմի մեջ:
Սակայն վրացի պաշտոնյան անդրդվելի է և շարունակում է վիճել ոչ միայն կառավարության առաջնորդին սատարող «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավարների, այլև նախագահամետ «Պյոտոր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության ներկայացուցիչների հետ: Իսկ նոյեմբերին տեղի ունեցած հերթական ընդհարման ժամանակ Յացենյուկը հայտարարել է՝ «եթե Միշան այդքան հաջողակ էր Վրաստանում, ապա ինչո՞ւ չի կարողանում այդ երկիր վերադառնալ, գուցե ինչ-որ բան այնպես չէ վրացական դատական համակարգում իրականացված բարեփոխումներո՞ւմ»: Հարցին ի պատասխան՝ Սահակաշվիլին հայտարարել էր, որ երկրում առկա կոռուպցիայի հետևանքով Ուկրաինայի կառավարությունը տարեկան 5 միլիարդ դոլար է կորցնում:
Վրացի պաշտոնյայի և երկրի ղեկավարության միջև սկսված վեճի և երկրի ներկայիս կառավարության փոփոխման հարցի շուրջ պարզաբանումների փորձագետները սպասում էին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի Ուկրաինա ժամանելու հետ կապված: Սակայն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հասկացնել տվեց, որ Ուկրաինայում աղմկահարույց փոփոխություններ չեն լինի: Այդ մասին շտապեց ակնարկել նաև երկրի ղեկավար Պորոշենկոն: Դրանից հետո Արսեն Ավակովն իր հերթին տեսակետ հայտնելով կոռուպցոներների մասին, ասաց, որ նրանց պետք է բացահայտել, այլ ոչ թե առանց փաստեր ներկայացնելու այդ մասին ամիսներով խոսել:
Այնուամենայնիվ, Սահակաշվիլիի և երկրի ղեկավարության միջև առկա հարաբերությունները չեն խանգարել, որ Օդեսայի նահանգապետը հայտարարի, որ ինքը չի պատրաստվում լքել Ուկրաինան, իսկ երկրի նախագահը երկու հակամարտող կողմերի հարցում մտահոգվելու առիթ ունի, կարծում են փորձագետները, քանի որ ներկայում Յացենյուկին վստահում է հասարակության ընդամենը 2 %-ը, իսկ վրացի բարեփոխիչը վայելում է ուկրաինայի ողջ հասարակության անհամեմատ մեծ տոկոսի հետևորդների բանակի վստահությունը:
Պատրաստեց՝ Արմինե Գրիգորյանը