ԱՄՆ փոխնախագահը հորդորել է Թուրքիային հարգել Իրաքի ինքնիշխանությունը
Международные новостиՄիացյալ Նահանգներ փոխնախագահ Ջո Բայդենը հորդորել է Թուրքիային հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունն ու զորքերը դուրս բերել իրաքյան տարածքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Today’s Zaman-ը, այս մասին փոխնախագահը խոսել է Իրաքիվարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում:
Ավելի ուշ Սպիտակ տունը տարածել է հայտարարություն, որում նշվում է. «ԱՄՆ փոխնախագահը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Իրաքի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարցում և հորդորել է Թուրքիային անել նույնը՝ Իրաքի տարածքից դուրս բերելով ցանկացած զորամիավորում, որը իրաքյան կառավարության հավանությանը չի արժանացել»:
Զրույցը տեղի է ունեցել Բայդենի և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջև կայացած հեռախոսազրույցից 2 օր անց: Դավութօղլուի հետ զրույցում ԱՄՆ փոխնախագահը հորդորել էր շարունակել երկխոսությունը Բաղդադի հետ՝ ընդգծելով, որ երկրում ցանկացած ռազմական ներկայություն պետք է համաձայնեցվի իրաքյան իշխանությունների հետ:
Թուրքիան դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնել քրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել էին պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը: Վերջնաժամկետի ավարտից հետո ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչը հատուկ նամակ էր հանձնել Անվտանգության խորհրդին, որում պահանջվում էր ստիպել Թուրքիային դուրս գալ իրաքյան տարածքներից:
Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում զորքերը դուրս բերել հյուսիսային Իրաքից: Դեկտեմբերի 14-ին թուրքական իշխանությունները որոշում են կայացրել միայն զորամիավորումների մի մասին դուրս բերել Մոսուլի շրջանից և տեղափոխել ավելի հյուսիս: