ԵՄ-ի գագաթնաժողովն ընդունեց սահմանների պահպանության գործակալություն ստեղծելու առաջարկը
Международные новостиԵվրամիության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով հաստատել են սահմանապահ եւ առափնյա պահպանության նոր գործակալություն ստեղծելու Եվրահանձնաժողովի առաջարկը, տեղեկացնում է Արմենպրեսը: Դրա համար ԵՄ-ի սահմանների պահպանության գործող գործակալության՝ Frontex-ի բազայի վրա կստեղծվի նոր վերազգային համաեվրոպական ծառայություն, որի թվաքանակը պետք է կազմի շուրջ 1,5 հազար:
«Առանց արտաքին սահմանների պաշտպանության մենք կտապալվենք որպես քաղաքական հանրակցություն: Բայց այսօր մենք կարող ենք լավատես լինել, որովհետեւ բոլոր ղեկավարները համաձայնեցին պաշտպանել արտաքին սահմանները: Այդ կապակցույթամբ մենք որոշեցինք շտապ կարգով քննարկել սահմանապահ գործակալության ստեղծման առաջարկությունը»,- մամուլի ասուլիսում ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ գործակալության ստեղծման մասին որոշումը պետք է ԵՄ-ի Խորհուրդի կողմից ընդունվի 2016 թվականի առաջին կիսամյակում:
Բացի այդ, ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ԵՀ-ն պետք է օպերատիվորեն վերանայի փախստականներին վերաբերող Դուբլինյան համակարգը: Դրան համապատասխան՝ ԵՄ-ի երկրները, որտեղ միգրանտներն առաջին անգամ ապաստան ստանալու խնդրագիր են ներկայացնում, իրենք են պատասխանատու դրանց ուսումնասիրման համար: Եթե փախստականները հեռանում են այդ պետություններից, նրանց կարող են հետ վերադարձնել:
«Բրիտանական հարցը»՝ միգրացիայից հետո ներկայիս գագաթնաժողովի երկրորդ գլխավոր թեման, անպատասխան է մնացել ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով:
Հանրակցության ղեկավարները քննարկել են ԵՄ-ի բարեփոխումների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի պահանջները: Լոնդոնը պնդում է իր ինքնիշխանությունը քաղաքականության մի շարք ուղղություններում, ներառյալ աշխատուժի տեղաշարժը եւ բրիտանական սոցիալական համակարգից օտարերկրացիների օգտվելը:
«Ղեկավարները մի շարք մտահոգություններ են հայտնել այդ պահանջների կապակցությամբ եւ պայմանավորվել են շարունակել բանակցությունները, որպեսզի փոխզիջման հասնեն բոլոր այն չորս ուղղությունների շուրջ, որոնք նշել է վարչապետ Քեմերոնը»,- ասել է Տուսկը լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: