Արսեն Ավակովը դատի է տվել Սաակաշվիլիին
Международные новостиՈւկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ դիմել է դատարան` պաշտպանելու համար իր պատիվն ու արժանապատվությունը: Դատարան դիմելու պատճառ է հանդիսացել նախօրեին Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից Ավակովի հասցեին հնչեցրած մեղադրանքները, որի ժամանակ նահանգապետը նրան հրապարակավ մեղադրեց երկրում կոռուպցիոն գործարքներին մեղսակից լինելու մեջ:
Ուկրաինական «1+1» հեռուստաըկերության «Իշխանության իրավունք» հաղորդաշարի ժամանակ Ավակովը տեղեկացրել է նաև, որ Վրաստանի նախկին նախագահին պատրաստվում է դատի տալ նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: «Եթե հայտարարում ես, որ ինչ-որ մեկը գող է, ապա պետք է պատասխան տաս խոսքերիդ համար»,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարարը: Նա նաև նշել է, որ բարոյականությունը սահմաններ ունի, և եթե որևէ մեկն ի զորու է հրապարակավ լկտիաբար նսեմացնել իրեն, ապա ինքը պարտավոր է հրապարակավ պատասխանել:
Միջադեպին անդրադարձել էր նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ տեղի ունեցածն անվանելով խայտառակ և ամոթալի միջադեպ: «Բի-բի-սի» գործակալության տեղեկացմամբ՝ ուկրաինացիների մի մասի կարծիքով նման միջադեպը չպետք է տեղի ունենար տեսախցիկների առկայության դեպքում, քանի որ պետք չէր, որ հասարակությունը կուլիսային բախումների մանրամասների մասին տեղեկանա: Շատ ուկրաինացիներ էլ կարծում են, որ միջադեպը լավ օրինակ է ցույց տալու, թե որն է «դեմոկրատական կառավարում» ասվածը:
Ա.Գ.