ՀԱՊԿ-ի Մոսկվայի գագաթնաժողովում հայտարարություն կընդունվի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ
Международные новостиՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում հայտարարություն կընդունեն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, դեկտեմբերի 18-ին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ղեկավարների քննարկման արդյունքում պլանավորվում Է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների հայտարարություն ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Այդ հայտարարության մեջ կարտացոլվեն այդ սպառնալիքի նկատմամբ անդամ երկրների ընդհանուր մոտեցումները»,-հայտարարել Է Ուշակովը լրագրողներին:
Նա հավելել Է, որ գագաթնաժողովի մյուս թեմաները կլինեն ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների ակտիվացումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի սահմանների մոտ իրադրության ապակայունացումը:
Ուշակովը նշել Է, որ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը Մոսկվայում կանցկացվի կազմակերպությունը նախագահող Հայաստանի նախաձեռնությամբ, որն առաջարկել Է այդ միջոցառումը համատեղել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի հետ: «Այդ նախաձեռնությանն աջակցել են ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրները»,-ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը: