Իսրայելական գազի արտահանումը դեպի Թուրքիա կարող է սկսվել 2019 թվականից
Международные новостиԻսրայելական գազի արտահանումը դեպի Թուրքիա կարող է սկսվել 2019 թվականից, եթե պաշտոնական Անկարան և Թել Ավիվը 2016 թվականին ստորագրեն երկու կողմերի հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին: Նախնական տեղեկատվության համաձայն` արտահանման ծավալը տարեկան կարող է կազմել 30 մլրդ խմ:
Թուրքիայի և Իսրայելի լրատվամիջոցները հաղորդել են, որ կողմերը մոտ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնագրի հաստատմանը: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերություններում լարվածություն նկատվեց 2010 թվականից, երբ տեղի ունեցավ միջադեպ` կապված Գազայի շրջան ուղևորված «Ազատության նավատորմ»-ի հետ: Իսրայելի իրականացրած դեսանտային գործողության հետեւանքով սպանվեց Թուրքիայի ութ քաղաքացի:
«Մենք մոտեցել ենք բանակցությունների վերջնական պատկերին, կարծում եմ` դա երկար չի ձգձգվի»,-մեջբերում է «Հյուրիեթ» թերթը` չնշելով թուրքական իր աղբյուրին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ տեղեկացրել է, որ բանակցությունները շարունակվում են, կոնկրետ համաձայնություն դեռ չկա:
«Բանակցությունները միանշանակ շարունակվում են, և պետք է շարունակվեն: Իրականացվել է մեր ներկայացրած նախապայմաններից մեկը, մյուսի երկուսի շուրջ փորձագետների մակարդակով բանակցություններ են ընթանում: Այս ուղղութամբ կոնկրետ քայլեր առայժմ չկան»,-ասել է Մևլութ Չավուշօղլուն:
«Հյուրիեթ»-ի փոխանցմամբ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման պարագայում նախատեսվում է ստորագրել գազային համաձայնագիր, որը կծածկի Թուրքիայի գազի պահանջարկի 21 տոկոսը: