Իրաքի արտգործնախարարը ՄԱԿ-ի ԱԽ-ում բողոքել է Թուրքիայի գործողությունների դեմ
Международные новостиԻրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին է դիմել՝ պահանջելով, որ Թուրքիան անհապազ զորքերը դուրս բերի իր երկրի տարածքից: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Անվտանգության խորհրդում ունեցած ելույթի ժամանակ Ջաֆերին պահանջել է, որ պետությունները դատապարտեն Թուրքիայի նման քայլը: Նա նշել է, որ թուրքական կողմը պետք է անհապաղ քաշվի դեպի երկու երկրների կողմից ընդունված միջազգային իր սահմանները և այլևս երբեք չխախտի Իրաքի ինքնիշխանությունը: «Միջազգային օրենքների և նորմերի համաձայն՝ այս ռազմական տեղակայումը թշնամական գործողություն է»,- ասել է Իրաքի արտաքին գործերի նախարարը:
Ավելի ուշ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չևիքը, ով նշել է, որ սահմանների անձեռնամխելիությունը, տարածքային ամբողջականությունն ու պետության քաղաքական ամբողջականությունն իր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից են: Նա ընդգծել է, որ իրենք հարգում են Իրաքի տարածքային ամբողջականությունը, իսկ զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում նպատակ ունի մարզել բոլոր այն կամավորներին, ովքեր ցանկանում են պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ: