Սահակաշվիլին տուգանվել է 28 դոլարով՝ քաղաքացիների հետ հանդիպումից հրաժարվելու համար
Международные новостиnews.am-ը գրում է.
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին տուգանվել է 28 դոլարով՝ դատարանի որոշումը չկատարելու համար, ըստ որի նա պետք է հանդիպում ունենար քաղաքացիների հետ։ Այս մասին հաղորդում է «Դումսկայա» պարբերականը։
2014 թվականի դեկտեմբերին բնակիչներից մեկը դիմել է մարզային վարչակազմին՝ խնդրելով հանդիպում կազմակերպել տարածաշրջանի այն ժամանակվա ղեկավար Իգոր Պալիցայի հետ, բայց հրավերի փոխարեն նա Պալիցայի տեղակալի ստորագրությամբ գրություն է ստացել։ «Քաղաքացին դա համարել է իր իրավունքների խախտում եւ դատի տվել մարզի վարչակազմին։ Այս տարվա հունիսի 26-ին դատավոր Օքսանա Վովչենկոն իր որոշմամբ պարտավորեցրել է մարզի ղեկավարությանը անձնական ընդունելություն կազմակերպել քաղաքացու համար»,- գրում է պարբերականը։
Սահակաշվիլին, որն այդ ժամանակ արդեն մարզի ղեկավարն էր, նույնպես հրաժարվել է հանդիպել քաղաքացու հետ։ Փոխարենը Օդեսայի նահանգի ղեկավարությունը հակընդդեմ հայց է ներկայացրել, որտեղ փորձել է պաշտպանել նահանգապետի իրավունքները՝ ժամանակ չվատնել քաղաքացու հետ առանձին հանդիպման վրա։ Սակայն սեպտեմբերի 22-ին դատարանն ուսումնասիրելով գործի նյութերը, դատարանի որոշումը թողել է ուժի մեջ։
Եթե դատարանի որոշումը չկատարվի, Սահակաշվիլին կրկնակի մեծ տուգանքի կենթարկվի եւ հնարավոր է, քրեական գործ հարուցվի՝ «պաշտոնատար անձի կողմից դատարանի որոշումը չկատարելու» հոդվածով։