Նավթի միջազգային բորսայում նոր վերադասավորումներ են սպասվում
Международные новостиԱմերիկյան WTI տեսակի նավթի գինը միջազգային շուկայում 2014 թվականի նոյեմբերից հետո առաջին անգամ կրկին գերազանցել է եվրոպական Brent տեսակի նավթի գնին, որը համարվում է համաշխարհային շուկայի նավթի շուկայի առաջատարը,- հայտնում է Orer.am-ը:
Դեկտեմբերի 23 -ի առավոտյան նավթի միջազգային բորսայում գրանցված ցուցանիշների համաձայն՝ ամերիկյան նավթի գինը կազմել է 36,47 դոլար 1 բարելի դիմաց, որը 0,19 ցենտով ավելի էր եվրոպական նավթի գնից միջազգային շուկայում: Օրվա երկրորդ կեսին գները մոտավորապես հավասարվել են՝ համապատասխանաբար կազմելով 36,5 և 36, 57 դոլար 1 բարելի դիմաց:
Միջազգային փորձագետների կարծիքով՝ նավթի գների նման տատանումը վկայում է նավթի շուկայում սպասվող լուրջ փոփոխությունների մասին, քանի որ 2010 թվականից մինչ օրս WTI տեսակի նավթի գինը միջազգային շուկայում մոտավորապես 10-ից 15 դոլարով պակաս է եղել եվրոպական արտադրության նավթի գներից: Մասնագետների կարծիքով՝ նման շրջադարձային վիճակ ստեղծվեց, երբ ԱՄՆ-ը զարգացրեց թերթաքարային նավթի արտադրությունը, որի հետևանքով զգալիորեն կրճատվեց երկիր ներմուծվող նավթի պահանջարկը:
Փորձագետների կարծիքով՝ ամերիկյան նավթի գինը շուկայում ընկել էր նաև այն պատճառով, որ օրենքով արգելք էր դրվել երկրից նավթ արտահանելու իրավունքի վրա, որի արդյունքում ԱՄՆ-ի նավթի պահեստները լցվել էին տեղական արտադրանքով: Դա իր հերթին պատճառ էր դարձել, որ ամերիկյան նավթի գինը շուկայում բավականին նվազի: Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ հայտարարեց երկրից նավթ արտահանելու իրավունքի վրա դրված 40-ամյա արգելքը, ինչը կարող էր դառնալ WTI նավթի գների բարձրացման պատճառ: Ա.Գ.