Չելյաբինսկում ամանորյա կերուխումն ավարտվել է հրաձգությամբ ու չորս դիակով
Международные новостиՉորս մարդ սպանվել ու մեկ հոգի վիրավորվել է Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանի Միասկոմ գյուղում սկսված հրաձգության հետեւանքով:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, 1989 թվականին ծնված մի կնոջ ու 1985, 1983 ու 1988 թվականներին ծնված երեք տղամարդու դիերը հայտնաբերել են գյուղի տներից մեկում: Չորսն էլ մահացել են հրազենային վիրավորումներից: 1989 թվականին ծնված եւս մեկ տղամարդ էլ հիվանդանոց է տեղափոխվել: Չորս զոհերը հարեւան Կուրեյնոյե բնակավայրի բնակիչներ են:
Պատահարի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 1985 թվականին ծնված մի տղամարդու՝ այն տան սեփականտիրոջը, որտեղ հայտնաբերել են զոհվածների մարմինները: Նրանից առգրավվել է «Մոսբերգ» տեսակի որսորդական հրացան:
Իրավապահ մարմիններում ենթադրում են, որ հրաձգությունը սկսվել է վեճի հետեւանքով, որը բռնկվել է հարեւանությամբ գտնվող տանը ոգելից խմիչք գործածելու ընթացքում: