ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ճնշված է Սաուդյան Արաբիայում իրականացված մահապատժից
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ճնշված է Սաուդյան Արաբիայում 47 դատապարտյալի մահապատժից: Այդ մասին շաբաթ լրագրողներին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը խորապես ճնշված է Սաուդյան Արաբիայում 47 մարդու, ներառյալ` շիա քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի մահապատժից, որի մասին երկրի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հունվարի 2-ին: Նիմր ան-Նիմրը եւ մի շարք այլ մահապատժի ենթարկված ձերբակալվածներ դատապարտվել են դատական գործընթացի արդյունքում, որը լուրջ մտահոգություն էր առաջացրել մեղադրանքների բնույթի եւ դատավարության արդարացիության հետ կապված», - ասված է Դյուժարիկի գրավոր հայտարարության մեջ:
Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ զրույցներում բազմիցս անդրադարձել է Նիմր ան-Նիմրի գործին: Նրա խոսքով, Պան Գի Մունը վճռականորեն հանդես է գալիս այս մահապատժի դեմ, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիային կոչ է անում հրաժարվել ծայրագույն պատժի այս միջոցից: Ան-Նիմրը իրավահավասարության եւ սահմանադրական բարեփոխումների օգտին եւ թագավորության արեւելքում ապրող շիա փոքրամասնության նկատմամբ խտրականության դեմ շարժման հիմնական ներշնչողներից մեկն է:
Քարոզիչը ձերբակալվել է 2012-ի հուլիսի 8-ին բողոքի զանգվածային ակցիաներ եւ անկարգություններ սադրելու մեղադրանքով: Դատարանի դատավճիռը հրապարակվել էր դեռեւս 2014 –ի հոկտեմբերին: Ան-Նիմրի մահապատիժը Թեհրանի վճռական բողոքն է առաջ բերել: Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Էր-Ռիյադը թանկ կվճարի քարոզչի կյանքի համար: Նույն օրը Թեհրանում թագավորության դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են սկսվել: Ցուցարարներին հաջողվել է ներխուժել դիվանագիտական առաքելության տարածք, սակայն շուտով օրենքի պահապանները նրանց քշել են այդտեղից: