Երրորդ համաշխարհայի՞ն, թե՞ ընդամենը երեք հակամարտություն մեկ նպատակին հասնելու համար
Международные новостиԻտալական «Էլ ջիորնալ» պարբերականը գրում է, որ ներկա աշխարհում երեք կոնֆլիկտ կա, որը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի: «Այդ մասին նույնիսկ Հռոմի պապն է հայտարարել, երբ վերադարձավ հերթական շրջագայությունից»,- գրում է պարբերականը և ավելացնում, որ իրականում երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ ամենևին էլ չկա: Պարզապես աշխարհում կա երեք տարբեր հակամարտություն, որը կարող է պատերազմի հանգեցնել:
«Առաջինը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սկսված կոնֆլիկտն է, որը սկիզբ է առել Բեռլինի պատի փլուզումից հետո: Այդ ժամանակ ԱՄՆ-ը սկսեց երկյուղել, որ եթե Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի միջև տնտեսական միություն ստեղծվի, ապա այն բավականին հզոր միավորի կվերածվի:Այդ է պատճառը, որ ԱՄՆ-ը սկզբում ամեն ինչ արեց Ռուսաստանին Եվրոպայից «կտրելու» և ապա Ռուսաստանի և իսլամական երկրների միջև հակասություններ հրահրելու համար»,- գրում է պարբերականը:
Հոդվածագրի կարծիքով՝ երկրորդ հակամարտությունը սկսվեց, երբ ասպարեզում հայտնվեցին իսլամիստ հեղափոխականները: Դրան հաջորդեց ծայրահեղական իսլամիստների շաժումը, որի նպատակը վերադարձն էր դեպի իրենց կրոնական արմատներ: Այդ ժամանակ խալիֆայությունների ջոկատայինները սկսեցին գրավել աշխարհը և արևմտյան երկրներին պարտադրել իսլամի և շարիաթի «օրենքները»:
Այդ խմբավորումները սկսեցին արյունալի պայքար մղել Ֆիլիպիններում, Աֆղանստանում, Չեչնիայում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Սուդանում, Լիբիայում և այլ երկրներում: «Երրորդ հակամարտությունը իսլամական երկու՝ սուննի և շիա ուղղությունների միջև սկսվեց: Այդ պատերազմը սկիզբ առավ Իրաքում և շարունակվեց Սիրիայում և Եմենում:
Այսպիսով, խոսքը ոչ թե երրորդ համաշխարհային պատերազմի մասին է, այլ երեք լոկալ հակամարտության: Իսկ եվրոպացիները շարունակում են ենթարկվել ԱՄՆ-ի հրահանգներին: Նա Եվրոպային հրամայեց խզել կապերը Ռուսաստանի հետ և ընդունել ասիական և աֆրիկյան երկրների փախստականներին, նրանք էլ հնազանդվեցին: Իսկ ի՞նչ կլինի ապագայում, եթե այսպես շարունակվի, դժվար է կանխատեսել»,- գրում է պարբերականը:
Պատրաստեց՝ Ա. Գրիգորյանը