Ձմեռ պապիկի բեղերը կարող են թրաշել. ղպտիները Եգիպտոսում զգուշորեն են Նոր տարի նշում
Международные новостиԵգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում ապրող 29-ամյա Ֆեդի Ադելը ղպտի է եւ Եգիպտոսում բնակվող բոլոր քրիստոնյաների նման տոնում է եւ Սուրբ ծննունդը, եւ Նոր տարին:NEWS.am-ի հետ զրույցում Ֆեդին նշեց, որ Ամանորի գիշերը հավաքվում են ղպտիական ուղղափառ եկեղեցում եւ միասին դիմավորում Նոր տարին:
«Ամանորի նախաշեմին մեծ տոնածառ ենք դնում եկեղեցում, զարդարում ենք այն ու եկեղեցին: Իսկ Նոր տարվա գիշերը մեծ խնջույք ենք անում եկեղեցում, Ձմեռ պապիկը նվերներ է բաժանում երեխաներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, հետո աղոթում ենք ու խնջույքն արդեն տանը շարունակում` մինչեւ հունվարի 6-ը»,-պատմեց Ֆեդի Ադելը:
29-ամյա երիտասարդը մասնագիտությամբ բժիշկ է եւ Պորտ Սաիդ քաղաքում ունի սեփական դեղատունը, արդեն 4 տարի է` Ամանորից 10 օր առաջ զարդարում է դեղատան տոնածառը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ իրենք փոքրամասնություն են, ղպտիները փորձում են շատ աչքի չընկնել տոնական պատրաստություններում։
«Շատ անգամ ստիպված ենք իրենց օրենքներով շարժվել, զարդարում ենք միայն մեր բակն ու տունը: Մեր քաղաքի փողոցներում տոնածառ չենք դնում, չգիտեմ ինչու, բայց մեր մուսուլման եղբայրները չեն սիրում տոնածառ, Ձմեռ պապն էլ օրինակ` մեր քաղաքի փողոցներում չի կարող հանգիստ քայլել, քանի որ երեխաները հնարավոր է խեղճին քարկոծեն, կամ էլ բեղերը թրաշեն: Բայց Կահիրեի, Ալեքսանդրիարյի, Շարմ էլ Շեյխի փողոցներում սովորական է, հանգիստ քայլում է Ձմեռ պապը, անգամ տոնածառեր կարելի է տեսնել: Հակառակ դրան` Ռամադանի օրերին մեր քաղաքի փողոցները շատ գեղեցիկ զարդարվում են լամպերով, քաղաքը միանգամից տոնական է դառնում»,-ասաց Ֆեդի Ադելը:
Ֆեդին, չնայած արդեն 29 տարեկան է` դեռ հավատում է Ձմեռ պապի գոյությանը, շատ է սիրում իր քաղաքն ու Նոր տարին: Նա երազում է, որ գա մի օր, երբ իր սիրելի տոնը կյանքում գոնե մեկ անգամ դիմավորի ցուրտ քաղաքում, որտեղ ձյուն է տեղում. «Նոր տարին շատ լավ եմ անցկացնում ընկերներիս հետ: Բայց մեծ երազանք ունեմ` գեղեցիկ Նոր տարի տոնել իմ ընտանիքի հետ ձնոտ ու զարդարված փողոցներում, ոչ թե փոշոտ ու կեղտոտ քաղաքում»: