Էրդողանը կրկին անցել է սահմանը և դարձել անհուսալի գործընկեր. The New York Times
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անցել է սահմանը, երբ գործադիր լիազորությունների մեծացմանն ուղղված նրա քայլերի վերաբերյալ լրագրողների հարցին նա պատասխանել է, որ դրա նախադեպը եղել է «հիտլերյան Գերմանիայում», գրում է The New York Times-ը՝ հավելելով, որ Էրդողանն արդեն հասցրել է ձեռք բերել մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և այլ քաղաքական ազատություններ ոտնահարելու հակված ավտորիտար առաջնորդի հեղինակություն:
«Ավելի քան տասը տարի առաջ իշխանության գալուց ի վեր նա օգտագործել է իր նախարարական, այնուհետև նաև նախագահական լիազորությունները ԶԼՄ-ները, արհմիությունները և այլ հակառակորդներին ճնշելու համար»,- նշում է թերթը:
Թերթը նշում է, որ Թուրքիայի նախագահի վարքի վերաբերյալ վատագույն մտավախությունները հաստատվել են նոյեմբերին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից հետո՝ ուշադրություն հրավիրելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության դեմ նրա սկսած արշավի մասին:
«Թուրքիայի դաշնակիցները՝ Ամերիկան և Եվրոպան, ամոթալի անգործության մեջ հետևում էին թուրքական բանակի դաժանությանը, որը ավիահարվածներ էր հասցնում երկրի հարավ-արևելքում քրդական օբյեկտների վրա»,- նշված է հոդվածում:
«Պարոն Էրդողանը չափազանց հեռու է այն ժամանակներից, երբ նրան կարելի էր համարել մահմեդական մեծամասնության ժողովրդավարության հարգելի առաջնորդ և տարածաշրջանում հուսալի գործընկեր»,- եզրափակում է թերթը: