«Վոլցվագեն»-ը ստիպված կլինի խոշոր տուգանք վճարել ԱՄՆ-ի կառավարությանը
Международные новостиԱՄՆ-ի արդարադատության նախարությունը քաղաքացիական հայց է ներկայացրել գերմանական «Վոլցվագեն» կոնցեռնի նկատմամբ՝ վերջինին մեղադրելով ամերիկյան էկոլոգիայի մասին օրենքը խախտելու մեջ: Դիմումը ներկայացվել է Միչիգանի նահանգի դատարանին, որից հետո գործը կշարունակվի քննվել Հյուսիսային Կալիֆոռնիայի դատարանում, որտեղ և քննվում են նույն ընկերության այլ գործերը, տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ եթե դատարանը մեղադրական եզրակացություն ներկայացնի, ապա «Վոլցվագեն» կոնցեռնը ստիպված կլինի մի քանի միլիարդ տուգանք վճարել: ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ջոն Կրուդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իր բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ընկերությունը պատասխան տա իր կողմից թույլ տված էկոլոգիական օրենքը խախտելու համար:
Նշենք նաև, որ 2015թ. սեպտեբերին ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հայտարարել էր, որ դիզելային վառելիքով աշխատող «Վոլցվագեն» ֆիրմայի ավտոմեքենաները շրջանցում են թունավոր նյութերի արտանետումների քանակի ստուգումները: Այդ հայտարարությունից հետո ամերիկյան իշխանությունները ընկերությանը պարտադրել են հետ կանչել 500 հազար դիզելային շարժիչ ունեցող մեքենա: Դա պատճառ հանդիսացավ, որ ընկերությունը որոշ մակնիշների մեքենաների վաճառքը կասեցնի և խոստովանեց, որ նմանօրինակ ստուգում չանցած 11 միլիոն մեքենա է մատակարարել ողջ աշխարհին:
Ավելի ուշ ամերիկյան կառավարությունը «Վոլցվագենին» մեղադրեց այլ նոր խախտման մեջ: Մասնավորապես, պարզվեց, որ 3 լիտր տարողությամբ դիզելային շարժիչով մեքենաները նույնպես խնդիրներ ունեն: Բացի այդ, մասնագետները խնդիրներ են հայտնաբերել նաև 2015թ. արտադրության «Պորշ Կայեն», «Աուդի Ա6 Քուաթրո», Ա7 Քուաթրո և 2014թ. արտադրության «Վոլցվագեն Տուարեգ» մոդելների մեքենաների վրա: Այնպես, որ եթե դատարանը «Վոլցվագեն»-ին տուգանելու որոշում կայացնի, ապա ամենայն հավանակությամբ տուգանքի չափը կարող է հասնել մինչև 18 միլիարդ դոլարի, գրում է «Ռոյթերս»-ը:
Ա.Գ.