Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանին
Международные новостиԹուրքիայի արտգործնախարարությունը բողոք է հղել Թեհրանին՝ պայմանավորված իրանական լրատվամիջոցների հրապարակումներով, որոնցում նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Թուրքիայում Իրանի դեսպանն այդ հրապարակումների առնչությամբ կանչվել է երկրի ԱԳՆ:
«Մենք դատապարտում ենք մեր նախագահի վերջին այցը մահապատիժների հետ կապելու փորձերը, ինչն ընդգծվել էր Իրանի կառավարական մարմինների հետ կապ ունեցող մի շարք պարբերականներում»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Էր-Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը:
Նույն օրը երեկոյան իրանցի ցուցարարները ներխուժել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն և Մեշհեդում գտնվող հյուպատոսարան:
Դրանից հետո Սաուդյան Արաբիան հայտարարել էր Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։