Charlie Hebdo-ի խմբագրակազմին սպառնացել են 10 տարի շարունակ
Международные новостиՄեկ տարի առաջ զինված իսլամիստ ահաբեկիչները ներխուժեցին Charlie Hebdo երկիծահանդեսի խմբագրություն և սպանեցին 11 լրագրողի և 1 ոստիկանի: Ահաբեկիչներին վնասազերծելու ժամանակ սպանվեց ևս 5 մարդ: Մեկ տարի անց, սակայն, նույն երգիծահանդեսի ոճը չի փոխվել: Հանդեսի խմբագրակազմը շարունակում է քննադատել կրոնական ծայրահեղականությունը` ցույց տալով, որ, չնայած մեծ կորուստին, Charlie Hebdo-ն ապրում է և քննադատում բոլոր այն երևույթները, որոնք, նրանց կարծիքով, արժանի են դրան:
«Իմ կարծիքով՝ ոչինչ էլ չի փոխվել, բացի այն դատարկությունից, որը զգում ենք բոլորս», - «Բի-բի-սի» լրատվական գործակալության տեղեկացմամբ ասել է հանդեսի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը: Ի դեպ, երգիծական հանդեսը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել վերջին 10 տարիների ընթացքում, գրում է «Բի-բի-սի»-ին և հավելում, որ մինչ օրս այդ հարցում ոչինչ չի փոխվել, բայց փոխվել է վերաբերմունքը նմանօրինակ սպառնալիքների հանդեպ:
«Անվտանգության աշխատակիցները սկսել են ուղեկցել երգիծական հանդեսի աշխատակիցներին տանից աշխատավայր, հարցազրույցների և ապա աշխատավայրից՝ տուն: Նրանք ապրում են փակ վարագույրի ետևում և ապրում են «մթության» մեջ, ասել է խմբագրակազմի մտերիմներից մեկը»,- գրում է «Բի-բի-սի»-ն :
Տարբեր անհամաձայնությունների հետևանքով Charlie Hebdo-ն լքել են որոշ աշխատակիցներ: Մի մասն էլ հայտարարել է, որ այլևս Մուհամմեդի ծաղրանկարները չեն նկարի, քանի որ հասարակության կարծիքով չի կարելի ոտնահարել այլոց իրավունքները: Երգիծական հանդեսի ղեկավար-խմբագրի կարծիքով, սակայն, հասարակության կողմից հնչեցված այլոց հարգելու և կրոնական բովանդակության ծաղրանկարներ չհրապարակելու պահանջներն ու կոչերը իրականում վախի հետևանք են:
Ա.Գ.