ԿԺԴՀ-ն սպառնացել է միջուկային պատասխան տալ ԱՄՆ-ին
Международные новостиՀյուսիսային Կորեան սպառնացել է միջուկային հարվածով պատասխանել միջուկային մարտագլխիկներով թեւավոր հրթիռներ ունեցող «Բ 52» ռազմավարական ռմբակոծիչը Հարավային Կորեա ուղարկելու մասին ԱՄՆ-ի որոշմանը: Այս մասին ասված է ԿԺԴՀ «Նոդոն Սինմուն» իշխանական թերթի հոդվածում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ատոմին ատոմով՝ սա է մեր պատասխանը,- մեջբերում է գործակալությունը այն հոդվածը, որը դատապարտում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը,- Հիմա ԱՄՆ-ն խոսում է միջուկային ռազմավարական ռմբակոծիչը Հարավային Կորեա տեղափոխելու մասին՝ իրավիճակը հասցնելով պատերազմի շեմին»:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Փհենյանը հայտնել էր ջրածնային ռումբի փորձարկման մասին՝ ԱՄՆ կողմից բխող ոչնչացման սպառնալիքից պաշտպանվելու նպատակով: Դրան ի պատասխան՝ Վաշինգթոնը սկսել էր Հարավային Կորեա տեղափոխել ռազմավարական զինատեսակներ: Նախօրեին Հարավային Կորեա էր հասել «Բ 52» ռմբակոծիչը, որն ունի միջուկային մարտագլխիկներով թեւավոր հրթիռներ: Քննարկվում է նաեւ Ճապոնիայում գտնվող «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը Կորեայի հանրապետություն ուղարկելու հավանականությունը:
Բացի դրանից Հարավային Կորեայում 28 հազար ամերիկացի զինվոր կա՝
«Հյուսիսի սպառնալիքից» պաշտպանվելու համար: Սակայն ԿԺԴՀ-ում այս սպառնալիքը հորինված են համարում ու սպառնում են ավելացնել «միջուկային զսպման» ուժերը , քանի դեռ ԱՄՆ –ն չի հրաժարվել Փհենյանի նկատմամբ սպառնալիքների քաղաքականությունից: