Իսպանիայի կառավարությունը կարող է դադարեցնել Կատալոնիայի ինքնավարությունը
Международные новостиԻսպանիայի կառավարությունը կարող է դադարեցնել Կատալոնիայի ինքնավարությունն այն դեպքում, եթե կատալոնական նոր իշխանությունները շարունակեն գործողություններ ձեռնարկել անկախության ձեռքբերման նպատակով: Այս մասին հունվարի 11-ին հայտարարել է Ժողովրդական կուսակցության փոխքարտուղար Պաբլո Կասադոն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հունվարի 10-ի երեկոյան Կատալոնիայի խորհրդարանը ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատել է Կարլես Պուչդեմոնին, որն Իսպանիայից Կատալոնիայի անկախացման «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել: Այն ենթադրում է, մասնավորապես, համապատասխան օրենքների ընդունում, պետական կառույցների ստեղծում եւ նոր սահմանադրության հանրաքվեի անցկացում:
Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը, որը փորձում է կրկին Իսպանիայի կառավարություն ձեւավորել, չի բացառել, որ ի պատասխան կատալոնական իշխանությունների անջատողական նոր քայլերի՝ պաշտոնական Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155 հոդվածը, որը թույլ է տալիս դադարեցնել ինքնավարության կարգավիճակը: