Հայաստան- Իրան դուետը կարող է ավելի լավ աշխատել արդեն այս տարվանից սկսած. Գագիկ Մակարյան
ПолитикаԻրանի գազը Հայաստանի միջոցով Վրաստան արտահանելը թե քաղաքական, թե տնտեսական առումով շատ կարևոր նշանակություն ունի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով, Հայաստանը, որպես տարանցիկ պետություն, ձեռք է բերում կարևոր դերակատարություն, որի տարածքով իրականացվում է այլ երկրի ապրանքի տեղափոխություն:
«Քաղաքական և տնտեսական տեսնակյունից թե Վրաստանի, թե Իրանի համար Հայաստանի կշիռը բարձրանում է: Կարծես, որոշակի կախվածություն է առաջանում Հայաստանի նկատմամբ: Թվում է թե Իրանը ուղղակի գազ է վաճառում Վրաստանին, բայց քանի որ այդ գազը Հայաստանի տարածքով է անցնելու, ապա մեր երկրի հետ հարաբերություններում այդ հանգամանքը հաշվի կառնվի: Դրանից բացի Հայաստանը ծառայության դիմաց կստանա վճար: Շատ երկրներ կան, որոնք նման տարանցիկ ծառայություններով գումարներ են հայթայթում»,-ասաց Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա` այս նախագծի իրականացումը Հայաստանի համար շատ կարևոր է աշխարհաքաղաքական տեսանկյունից: Տարբեր մագիստրալ գծերի անցկացման ժամանակ Հայաստանը միշտ դուրս է մնացել այդ գործընթացներից: «Այդ տեսնակյունից սա կարևոր քայլ կլինի, Հայաստանն արդեն այդպիսի ծրագրերի մեջ կերևա և, որպես տարանցիկ պետություն, իր կշիռը հաշվի կառնվի տարածաշրջանային հետագա զարգացումներում: Վաղը կամ մյուս օրը կլինի երկաթուղու նախագիծը, գազի ծավալների մեծացումը և այն Վրաստանից այլ երկրներ հասցնելը Հայաստանին լուրջ դերակատարություն են ապահովում»,-ավելացրեց Գագիկ Մակարյանը:
Ինչ վերաբերում է Իրանի հետ կապված տնտեսական ակնկալիքներին, ապա Գագիկ Մակարյանը նշեց, որ Իրանը Հայաստանի արտաքին առևտրի գործընկերների շարքում առաջին հնգյակի մեջ է գտվում: Իրանը խոշոր առևտրային գործընկեր է՝ շուրջ 215 մլն դոլարի հասնող շրջանառությամբ: Դրանից բացի, քանի որ Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների որոշակի մեղմացումներ են սպասվում, դա նշանակում է, որ Իրանի աշխարհաքաղաքական դերակատարությունը կաճի: «Իրանը կարող է լինել և որպես տարանցիկ պետություն, և որպես դոնոր երկիր տարածաշրջանի այլ երկրների, ներառյալ Հայաստանի, որոշ ն ախագծերի համար: Գումարած դրան, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու և Մաքսային միության շրջանակներում կարող են տնտեսական և քաղաքական նոր զարգացումներ տեղի ունենալ: Կարծում եմ, 2016 թվականին Իրանը լուրջ դեակատարություն կունենա տարածաշրջանում նաև Հայաստանի համար: Իրանը կարող է լավ տնտեսական գործընկեր դառնալ Մաքսային միության համար Հայաստանի միջոցով»,-ավելացրեց նա:
Գագիկ Մակարյանը տեղեկացրեց, որ եվրոպական երկներից մեկը, որի պատվիրակությունն այս տարի այցելելու է Հայաստան, ավելի հետաքրքրված է Հայաստանում ընկերություն ստեղծելով, և Իրանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար Հայաստանը որպես կամուրջ օգտագործելով: «Վերջին հաշվով Իրանում կա ազատ տնտեսական գոտի, որտեղ կարող են կիսապատրաստուկներ արտադրել, վերջնական արտադրանքը թողարկել Հայաստանում և արտահանել Եվրոպական միության կամ Եվրասիական տնտեսական միության երկրներ: Հայաստան- Իրան դուետը կարող է ավելի լավ աշխատել արդեն այս տարվանից սկսկած»,-հավելեց նա:
Իրանի նավթի նախարարության ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Քամելին տեղեկացրել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խմ գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է: