BP-ն կրճատում է իր աշխատակիցներին Ադրբեջանում
Международные новостиԲրիտանական նավթ արդյունահանող «Բրիթիշ Փեթրոլիում» (BP) ընկերությունը հայտարարել է, որ առաջին երկու տարիների ընթացքում ամբողջ աշխարհում, այդ թվում Ադրբեջանում հետախուզության եւ արդյունահանման գծով ստորաբաժանումներում կրճատվելու է մոտ 4 հազար աշխատատեղ: Այդ կրճատումներն ընկերությունը ստիպված է անել նավթի ցածր գների պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին BP-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կրճատումները կվերաբերվեն նաեւ հետխուզության եւ արդյունահանման ոլորտում աշխատատեղերին այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Ադրբեջանը, Անգոլան, ինչպես նաեւ Մեքսիկական ծոցում եւ Հյուսիսային ծովում:
Ընդհանուր առմամբ, մինչեւ 2017 թ. դեկտեմբերը կրճատվելու է այդ ոլորտում առկա 24 հազար աշխատատեղերից 4 հազարը:
Այդ քայլի գլխավոր պատճառը, ինչպես նշում է ընկերությունը, նավթի ցածր գներն են, որոնք ընկնում են աշխարհում այդ հումքի նկատմամբ թույլ պահանջարկի, ուժեղ դոլարի եւ պահուստների գերառատության պատճառով: