Ադրբեջանում տարադրամի փոխանակման բոլոր կետերի արտոնագրերը վերացվել են. 6 հազար աշխատատեղ փակվել է
Международные новостиԱդրբեջանում գործող տարադրամի փոխանակման բոլոր կետերը փակվել են:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին musavat.com կայքին հայտնել են տարադրամի փոխանակման կետերի տերերը: Նրանք ասել են, որ Ադրբեջանի կենտրոնական բանկը վերացրել է փոխանակման կետերի արտոնագրերը եւ իրենցից պահանջել դադարեցնել գործունեությունը:
«Կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մեր արտոնագրերը չեղյալ են հայտարարվել: Դա նշանակում է, որ Ադրբեջանում 6 հազար աշխատատեղ փակվել է: Որպես պատճառ ասել են, որ մանաթի արժեզրկումը, արհեստական թանկացումները փոխանակման կետերն են ստեղծում», -կայքին հայտնել է տարադրամի փոխանակման կետի սեփականատեր Ամիլ Մյուրվաթովը:
Նավթի համաշխարհային գների խիստ անկման հետեւանքով նավթից կախված Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով ազգային արժույթը` մանաթը երկու անգամ արժեզրկվել է: Ադրբեջանում բոլոր տեսակի ապրանքները, այդ թվում` սնունդը 50 տոկոսից ավելի թանկացել են: Երկրի ամբողջ տարածքում սոցիալական պահանջներով բողոքի ակցիաներ են սկսվել: