Ադրբեջանում թանկացումների հետ կապված բողոքի ակցիաներում 5 ոստիկան եւ 3 քաղաքացի վիրավորվել են
Международные новостиԲոլոր տեսակի ապրանքների, այդ թվում` պարենային մթերքի թանկացումների դեմ Ադրբեջանի ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներն ընթանում են անվտանգության ուժերի հետ բախումներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես, Բաքվից 90 կմ դեպի հյուսիս գտնվող Սիյազան քաղաքում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանությունը բռնություններ է գործադրել խաղաղ մասնակիցների դեմ: Ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ է կիրառել: ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ են մտցվել քաղաք: Բախումներում 5 ոստիկան եւ 3 քաղաքացի վիրավորվել են: Փաստը հաստատել է Սիյազանի շրջանի ոստիկանության վարչությունը:
Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 55 մասնակիցների: Ձերբակալվածները 18-45 տարեկան տղամարդիկ են:
«Թուրան»-ը հայտնում է, որ բողոքները կանխելու ուժային միջոցները շարունակվում են Լենքորանում, Ֆիզուլիում, Սիազանում, Աղջաբեդիում եւ այլ վայրերում:
Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ բողոքի ակցիաները:
Ադրբեջանում բոլոր տեսակի` այդ թվում պարենային ապրանքների կտրուկ թանկացումները սկսվել են ազգային արժույթի` մանաթի երկու անգամ արժեզրկվելու հետեւանքով, ինչը կապված է նավթի գների նվազման պատճառով այդ երկրում սկսված տնտեսական ճգնաժամի հետ: