Ադրբեջանում ինքնասպանության փորձ կատարած տղամարդ. «Երեխաս 10 կոպեկանոց «սուխարիկ» ուզեց, չկարողացա գնել»
Международные новостиԱդրբեջանի Աղջաբեդի քաղաքում երկու երեխաների հայր, 38-ամյա Ռամիլ Ալլահվերդիեւը փորձել է իրեն ցած նետել 5 հարկանի շենքի տանիքից: Նետվելուց առաջ նա ցանկացել է մարդկանց բացատրել իր այդ քայլի պատճառը: Նա ասել է, որ երկար ժամանակ չի կարողանում աշխատանք գտնել եւ հաց գնել իր 6-ամյա ու 16-ամյա երեխաների համար, եւ այդ քայլին է դիմում անելանելիությունից: Ինքնասպանության դիմելու մտադրությունից նրան համոզել է հետ կանգնել մի տարեց կին:
«Ազադլիգ ռադիո»-ի հետ զրուցում Ռամիլ Ալլահվերդիեւը պատմել է, որ ուր դիմել է, իրեն պատասխանել են, որ աշխատանք չկա: Արդեն երկար ժամանակ խանութից պարտքով հաց է գնել, սակայն, խանութպանն այլեւս իրեն պարտքով հաց չի տալիս, քանի որ նա եւս փողի կարիք ունի: Ստիպված է եղել վաճառել տան իրերը, անգամ իր բջջային հեռախոսը: Հացի խանութին պարտքը կազմում է 600 մանաթ: Երեխային բուժելու համար մի մարդուց 450 մանաթ պարտք է վերցրել: Այժմ չի կարողանում վերադարձնել պարտքերը:
«Ամենուրեք թանկացումներ են: Աշխատանք չկա: Չեմ կարողանում նայել կնոջս եւ երեխաներիս աչքերին: Միայն ես չեմ նման վիճակում: Այսօր Աղջաբեդիի շրջանում մի քանի գյուղ ոտքի է կանգնել: Բոլորը նույն բանն են ասում. գործազրկություն, սով, թանկություն: Այստեղի խանութներ ֆիրմային ավտոմեքենաներ են գալիս, ում հարցնում ես, ասում է «նախագահինն է»: Գնում ես ալյուր գնելու, ասում են «Ազերսուն»-ը նախագահինն է, «Կարմեն»-ը նախագահինն է: Լավ, իսկ մեր արտադրանքի գինն ինչու են բարձրացնում: Իսկ նախագահն ամեն օր ասում է կոռուպցիա է, թանկություն է&helli p;Եթե անգամ ինձ ձերբակալեն, այնտեղ կսպանեմ ինձ. գլուխս կխփեմ պատերին: Երեխաս 10 կոպեկանոց «սուխարիկ» խնդրեց, չեմ կարողացել գնել: Նստել, մեկ ժամ արտասվել եմ: Արդեն չեմ կարողանում դիմանալ: Այդ պատճառով էլ բարձրացա տանիք…Ես պատրաստ եմ աշխատել օրական 10 ժամ, միայն թե կարողանամ մարել պարտքերս եւ պահել երեխաներիս: Արդեն 9 ամիս է գործազուրկ եմ: Մեզնով ոչ մի իշխանավոր չի հետաքրքրվում», -ասել է նա: