Մերկել. Թուրք-գերմանական խորհրդակցությունները կվերաբերեն նաեւ քրդական խնդրին եւ մամուլի ազատությանը
Международные новостиԳերմանիան Թուրքիայի նախարարների կաբինետի անդամների հետ միջկառավարական խորհրդակցությունների ժամանակ կանդրադառնա նաեւ քրդերի նկատմամբ Անկարայի քաղաքականությանը եւ այդ երկրում մամուլի ազատության հարցերին: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցնել Անգելա Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե մենք զրուցելու ենք, ապա զրուցելու ենք բոլոր հարցերով, եւ բնականաբար խոսք կլինի նաեւ խոսքի ազատության մասին», - ասել է Մերկելը:
Բացի այդ նա նշել է, որ քննարկվելու է նաեւ քրդական հարցը: «Եկող շաբաթ կայանալիք միջկառավարական խորհրդակցությունների ժամանակ անդրադարձ կկատարենք նաեւ քաղաքական գործընթացը վերականգնելու հնարավորություններին: Բնականաբար Թուրքիան իրավունք ունի պատասխանել Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական գործողություններին, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ քուրդ բնակչությունն իսկապես զարգանալու հնարավորություններ ունենա», - ասել է Մերկելը:
Կանցլերը նաեւ նշել է, որ Գերմանիան եւ Թուրքիան պետք է միավորեն ջանքերը ահաբեկչության դեմ պայքարի համար: Դա հատկապես կարեւոր է Ստամբուլի ահաբեկչությունների ֆոնին, որի հետեւանքով զոհվել էր Գերմանիայի 10 քաղաքացի:
Մերկելի խոսքով՝ Թուրքիան մի օր նոր էջ կբացի Եվրամիության անդամակցության իր պատմության մեջ, սակայն մինչ այդ դեռ երկար ճանապարհ կա անցնելու: