Չեխիայի վարչապետ. Թուրքիան պետք է կատարի դեպի Եվրոպա միգրանտների հոսքի կարգավորման պարտավորությունը
Международные новостиԹուրքիան պետք է իրականացնի դեպի Եվրոպա փախստականների հոսքի կարգավորման շուրջ ստանձնած պարտավորությունը, որը ստանձնել է անցյալ տարվա դեկտեմբերին Եվրամիության հետ անցկացված համատեղ գագաթաժողովի ընթացքում: Այս մասին TV Prima-ի եթերում ելույթի ժամանակ հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան:
«Մենք սպասում ենք, որ Թուրքիան պետք է իրականացնի համաձայնությունը եւ կարգավորի իր տարածքով անցնող փախստականների հոսքը»,- ասել է չեխ պաշտոնյան:
Նրա կարծիքով, Անկարան նաեւ պետք է միջոցներ ձեռնարկի իր տարածքում գործող մաքսանենգների դեմ: «Թուրքիան կարող է օգտագործել բանակը, ոստիկանությունը, որպեսզի խոչընդոտի փախստականների հոսքը դեպի Հունաստան, այնտեղից էլ՝ Եվրոպայի այլ երկրներ»,- հայտարարել է Սոբոտկան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Չեխիայի վարչապետը կարծում է, որ հարկավոր է հնարավորինս արագորեն կարգի բերել փախստականներին այն երկրներ վերադարձնելու քաղաքականությունը, որտեղից նրանք հայտնվել են Եվրոպայում: Այդ առիթով Սոբոտկան նշել է, որ եվրոպական պետությունները պետք է համատեղ ջանքերով արագորեն ինքնաթիռները լցնեն այն փախստականներով, որոնց հրաժարվել են կեցության իրավունք տրամադրել: