Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել է տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատելու փորձերի մեջ
Международные новостиՍաուդյան Արաբիան գտնում է, որ Թեհրանը ձգտում է իր գերիշխանությունը հաստատել տարածաշրջանում, եւ մտադիր է դաշնակիցների հետ միասին դիմակայել իր ազդեցությունն ընդլայնելու նրա փորձերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է թագավորության արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրի հոդվածում, որը հունվարի 19-ին հրապարակվել է The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակում:
«Աշխարհն ակնկալում է տեսնել այն բանի վկայություններ, որ Իրանը փոխվել է, հույս ունի, որ նա հեղափոխական վտարակ-պետությունից վերածվել է համաշխարհային հանրակցության հարգված անդամի,- նշել է նախարարը:- Սակայն Իրանը մեկուսացումից դուրս գալու փոխարեն, որում նա հայտնվել է իր իսկ մեղքով, փորձում է Սաուդյան Թագավորության վրա անհիմն հարձակումների օգնությամբ շեղել ուշադրությունն իր քաղաքականությունից, որը նպատակամղված է ազդեցության ընդլայնմանը եւ միջդավանական բախումներին»:
«Թեեւ Իրանը վստահեցնում է, որ իր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը բարեկամական կապերի զարգացումն է, նրա գործելակերպը վկայում է հակառակի մասին: Իրանը տարածաշրջանի ամենաթշնամական երկիրն է, նրա գործողությունները խոսում են այն մասին, որ նա ձգտում է հասնել գերիշխանության»,- հավելել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: