Զինված հարձակում Պակիստանի համալսարանի ուսանողների վրա
Международные новостиԱյսօր՝ վաղ առավոտյան, զինված անձինք ներխուժել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չարսադա քաղաքի համալսարան և անկանոն հրազենային կրակոցներ արձակել ուսանողների ուղղությամբ: Տեղի փրկարարների հաղորդմամբ՝ արդեն հայտնաբերվել է ութ հոգու դի, տողեկացնում է «Բի-բի-սի» գործակալությունը: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ հարձակում գործած անձանցից չորսն արդեն սպանված են:
Այս պահին գրոհայինները արգելափակված են ուսումնական հաստատության շենքի ծայրամասի երկրորդ և երրորդ հարկերի միջև գտնվող հատվածում: Համալսարանի դասախոսական անձնակազմի և ուսանողների մեծ մասին հաջողվել է տարհանել, սակայն նրանց մի մասն այս պահին դեռ շարունակում է մնալ շենքում, տեղեկացնում են տեղի իշխանությունները: Ականատեսների տեղեկացմամբ՝ լուսադեմին մի խումբ զինված անձինք ներխուժել են համալսարանի տարածք և սկսել են կրակել ուսանողների ուղղությամբ: Գրոհայիններին վնասազերծելու և տարածքը նրանցից ազատելու նպատակով զինվորական և իրավապահ մարմինները շրջապատել են համալսարանի ողջ տարածքը: Այս պահին գրոհայինների վնասազերծումը շարունակվում է:
Ա. Գ.