ԻՊ-ն Թուրքիայում թափանցել է պետության մեջ. Independent
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) որոշ տարրեր, ինչպես երեւում է, Թուրքիայում թափանցել են պետության մեջ, եւ Պակիստանում իսլամիստների` նախկին դաշնակիցներից երես թեքելը պետք է զգուշացում հանդիսանա Թուրքիայի համար եւս:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պակիստանի Փեշավար քաղաքի մոտ մի համալսարանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի վերաբերյալ անգլիական Independent թերթում հրապարակած` «Պակիստանում կոտորածը Էրդողանի համար վատ նշան է» վերնագրով վերլուծական հոդվածում գրում է մերձավորարեւելյան հարցերով թղթակից Ռոբերտ Ֆիսկը:
Ըստ Ռոբերտ Ֆիսկի` երեկվա իրադարձությունը, ինչպես Պակիստանի վարչապետ Նավազ Շերիֆն է հաստատել, «ահաբեկչությանը հաղթելուց» շատ հեռու է, եւ վատ նշան է հանդիսանում Թուրքիայի «շատ ավելի գոռոզ» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար:
«Թուրքիան Սիրիայից եկած մարտիկներին եւ մաքսանենգներին թույլ տվեց օգտվել իր սահմաններից, այնպես, ինչպես դա արեց Պակիստանը` 1979 թվականին Խորհրդային Միության կողմից Աֆղանստանը բռնազավթելու ժամանակ: Այժմ Թուրքիան, Պակիստանի պես, ենթարկվում է մարդկանց նկատմամբ դաժան հարձակումների», -գրում է Ռոբերտ Ֆիսկը` շեշտելով, որ Էրդողանի կառավարությունը, Պակիստանի նախագահ Զիյա Ուլ Հաքի` 1970 թվականներին կատարածի նման, ավելի շատ է առաջին պլան հանում իր իսլամիստական բնույթը:
«Պակիստանի հետախուզական ծառայությունները զենք ուղարկեցին Խորհրդային Միության հետ պատերազմող մոջահեդներին, իսկ հետո էլ համագործակցեցին Թալիբանի հետ, որը հաջողեց թափանցել Պակիստանի բանակ եւ հետախուզական կառույցներ: Այժմ էլ ԻՊ-ի տարրերն են Թուրքիայում ներթափանցել պետական մարմիններ, եւ ինչպես ժամանակին Պակիստանը, Թուրքիան այժմ խաղում է նույն վտանգավոր խաղաքարտերով», -անգլիական թերթում գրում է Ռոբերտ Ֆիսկը: