Իսրայելն ու Հունաստանը Թուրքիային մեղադրել են ԻՊ-ին աջակցելու մեջ
Международные новостиԻսրայելի եւ Հունաստանի պաշտպանության նախարարներ Մոշե Յալոնը եւ Պանոս Կամմենոսը Թուրքիային մեղադրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից նավթ գնելու մեջ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Reuters-ը, նման հայտարարությամբ նրանք հանդես են եկել Աթենքում բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
Մոշե Յալոնը Թուրքիային ուղղակիորեն մեղադրել է իսլամիստներին հովանավորելու մեջ:
«Հանրահայտ է, որ ԻՊ-ն վաղուց թուրքական փողեր է ստանում` նավթ վաճառելով: Հուսով եմ, որ դրան վերջ կդրվի: Հասել է ժանամակը, որպեսզի թուրքական ղեկավարությունը որոշի, թե մտադի՞ր է, արդյոք, վերջապես միանալ ահաբեկչության դեմ պայքարին: Այստեղ խորհրդածելու բան չկա», -ասել է նա: Բացի այդ, Յալոնը հայտարարել է, որ Թուրքիան մատների արանքով է նայում իր տարածքով ահաբեկիչ-ջիհադականների տեղափոխումներին:
Իսրայելի մամուլը գրել է, որ Մոշե Յալոնի այդ հայտարարությունը կարող է խնդիր առաջացնել երկար ժամանակ հետո Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ նորմալացած հարաբերություններում:
Իր հերթին, նրա հույն գործընկեր Պանոս Կամմենոսը հայտնել է, որ Անկարան նավթի մեծ մասը ձեռք է բերում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից` դրանով ֆինանսավորելով ահաբեկիչներին: Կամմենոսը Անկարային նաեւ կոչ է արել միջոցներ ձեռնարկել փախստականների հոսքն Եվրոպա սահմանափակելու ուղղությամբ:
Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Ռուդսկին հայտարարել էր, որ Թուրքիան ԻՊ-ից մեծ ծավալով նավթ է գնում, եւ իրենք դրա վերաբերյալ ապացույցներ ունեն: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե հաստատվի իր երկրի կողմից ԻՊ-ից նավթ գնելու մասին տեղեկությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ «Սու-24» ինքնաթիռը Թուրքիայի կողմից նպատակային էր խոցվել: Թուրքիայի նպատակը ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթային ռեսուրս ները ռուսական ռմբակոծիչներից պաշտպանելն է եղել: