Իրանը կարող է Եվրոպային գազի մատակարարումներ սկսել արդեն երկու տարուց. The Wall Street Journal
Международные новостиԻրանը կարող է Եվրամիության երկրներին հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումներ սկսել արդեն երկու տարուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, The Wall Street Journal թերթի լրագրողներին տված հարցազրույցում, որը հարապարակվել է հունվարի 26-ին, հայտնել է Իրանի գազի ազգային ընկերության կառավարիչ տնօրեն Ալիռըզա Քամելին:
Նա նշել է, որ Թեհրանը դիտարկում է երեք հիմնական հնարավորություն, որպեսզի «միանա ՀԲԳ արտահանող երկրների միջազգային ակումբին», որի մեջ մտնում են, մասնավորապես, Ռուսաստանը եւ Քատարը:
Տարբերակներից մեկը ենթադրում է աշխատանքների վերսկսումը երկրի հարավում գազի հեղուկացման գործարանում: Եվս մեկ հնարավորություն է դեպի Օման ձգվող գազամուղի կառուցումը, որտեղ գազի հեղուկացման գործարաններ կան: Քամելիի խոսքով՝ Օմանը համաձայն է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքը կառուցվի երկու տարվա ընթացքում:
Բացի այդ, Իրանն արտասահմանյան ընկերությունների, այդ թվում՝ Բերմուդյան կղզիներում բազավորված Gloar LNG-ի հետ բանակցություններ է վարում ՀԲԳ-ի արտադրության լողացող գործարաններ ստեղծելու շուրջ: Այդ պլանների իրագործումը, Քամելիի խոսքով, կարող է պահանջել «երկու տարուց պակաս ժամանակ»:
ԵՄ-ի պաշտոնյաների թվից The Wall Street Journal-ի աղբյուրները նշել են, որ «Իրանը կարող է բնական գազի հանգուցային մատակարար դառնալ, ինչը թույլ կտա Միությանը նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից»: Դրա հետ մեկտեղ նրանք նշել են, որ երկամյա ժամկետը, որի մասին հիշատակել է Քամելին, «այնքան էլ իրատեսական չի թվում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: