Զիկայով վարակվածների թիվը կարող է հասնել 4 միլիոնի
Международные новостиԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ Զիկա վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում կարող է հասնել 3-4 միլիոնի, ներառյալ՝ Բրազիլիայում հայտնաբերված 1,5 միլիոն վարակվածները,- գրում է Orer.am-ը:
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ-ի վարակիչ հիվանդությունների բաժնի պատասխանատուն տեղեկացրել է, որ չնայած վիրուսի հետևանքով երեխաները բնածին արատով են ծնվում, բայց դեռ վաղ է միանշանակ ասել, որ վարակն է երեխանելի բնածին արատի պատճառը:
«Դեռևս չգիտենք, թե վարակը թափանցո՞ւմ է արդյոք ընկերքի մեջ, թե՞ ոչ և դա՞ է երեխաների հիվանդանալու պատճառը, բայց վարակն ամենայն հավանականությամբ կապ ունի այդ հիվանդության առաջացման հետ»,- ասել է ԱՀԿ-ի վարակիչ հիվանդությունների բաժնի պատասխանատու Մարկուս Էսպինալը:
Հարցը քննարկելու համար ԱՀԿ-ի տեղեկացմամբ փետրվարի 1-ին Ժնևում տեղի կունենա միջազգային համաժողով: Զիկա վիրուսը տարածվվում է մոծակների խայթոցի միջոցով, որն արտահայտվում է բարձր ջերմությամբ, գլխացավով և մկանացավով: Այն ավելի վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ երեխաները ծնվում են գլխի անհավանական փոքր չափերով և մտավոր հետամնացությամբ: Վիրուսով վարակվածների աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է:
Այն արդեն հասել է ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրներ: Ռուսաստանյան իշխանությունները Զիկայով վարակվելուց զերծ մնալու համար հորդորում են իրենց քաղաքացիներին չճամփորդել Թաիլանդ, Բրազիլիա, Մեքսիկա, Վենեսուելա և Մալդիվյան կղզիներ, իսկ ՌԴ նախագահ Վ.Պուտինը հորդորել է երկրի առողջապահության գերատեսչության ղեկավարին ամեն ինչ անել Զիկայի «մուտքը» Ռուսաստան կանխելու համար:
Ա.Գ.