Թուրք ակադեմիկոսների դեմ հետաքննություն է սկսվել
Международные новостиԹուրքիայում հետաքննություն է սկսվել Ստամբուլի և «Յըլդըզ» տեխնիկական համալսարանների 85 ակադեմիկոսների դեմ, ովքեր իրենց ստորագրությունն էին դրել «Հանուն խաղաղության ակադեմիկոսների նախաձեռնության» կողմից արված հայտարարության տակ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ստամբուլի համալսարանից 53 և «Յըլդըզի» տեխնիկական համալսարանի 32 դասախոսները հերթով կանչվելու են հարցաքննության կապված այն փաստի հետ, որ հորդորել են Թուրքիայի իշխանություններին դադարեցնել ռազմական գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում:
Թուրք ավելի քան հազար ակադեմիկոսներ ստորագրել էին իշխանություններին հասցեագրված հայտարարության տակ, որում նրանք կոչ էին անում դադարեցնել բռնությունները երկրի հարավ-արևելքում և «Քրդական հարցը» կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս հայտարարությունը զայրացրել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով «դավաճան» էր անվանել գիտնականներին և հրահանգել դատախազությանը նրանց դեմ հետաքննություն սկսել: Արդյունքում 21 ակադեմիկոս ձերբակալվել էին, իսկ ավելի ուշ` ազատ արձակվել: