Թուրքիայում անվտանգության ուժերի զոհ են դարձել 61 երեխաներ
Международные новостиԹուրքիայի մարդու իրավունքների Դիարբեքիրի (Տիգրանակերտ) բաժանմունքի քրդաբնակ շրջաններում երեխաների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցի համաձայն` 2015 թվականին զոհվել է թուրքական անվտանգության ուժերի թիրախ դարձած 61 երեխա, 55 երեխա էլ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնելով այս մասին, թուրքական DemokratHaber կայքը նշում է, որ երեխաներին ուղղված իրավունքների ոտնահարումների դեպքերը Թուրքիայում աննախադեպ աճ է գրանցել:
Ըստ զեկույցի` զանգվածային ցույցերի եւ տների վրա հարձակումների ժամանակ 2015 թվականին 400 երեխա ձերբակալվել, 66 երեխա էլ կալանավորվել է: 5 երեխա կալանավայրում խոշտանգումների է ենթարկվել, 13 երեխա բռնությունների է ենթարկվել մեկուսարաններում կամ փողոցում:
2015 թվականին Թուրքիայում 19 երեխա ինքնասպանություն է գործել, 8 երեխա սեռական բռնության եւ շահագործման է ենթարկվել: