12 երկրներ ԱՄՆ-ի գլխավորությամբ առեւտրական դաշինքի համաձայնագիր են ստորագրել
Международные новостиԱսիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 12 երկրների առեւտրի նախարարները Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում համաձայնագիր են ստորագրել տարածաշրջանային խոշորագույն տնտեսական միավորումներից մեկի՝ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման մասին, որին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի մինչեւ 40 տոկոսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Համաձայնագրի մասնակիցներ են դարձել ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Մալայզիան, Բրունեյը, Սինգապուրը եւ Վիետնամը:
Այդ նախագիծը, որի շուրջ բանակցություններն սկսվել էին տակավին 2008 թվականին եւ որի վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցած տարվա հոկտեմբերին, դարձել է ԱՄՆ-ի ղեկավար Բարաք Օբամայի վարչակազմի նախագահության օրակարգի գլխավոր կետերից մեկը:
Դիտորդներից շատերը ԱՄՆ-ի համար այդ համաձայնագրի տնտեսական իմաստը տեսնում են տարածաշրջանում Չինաստանի ազդեցության աճը զսպելու Վաշինգտոնի փորձի մեջ: Պատահական չէ, որ ՉԺՀ-ն այդ դաշինք չի մտել:
Ենթադրվում է, որ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության շրջանակներում կստեղծվի ազատ առեւտրի գոտի: Այժմ երկու տարվա ընթացքում համաձայնագրի մասնակից երկրների խորհրդարանները պետք է այն վավերացնեն: