Ռուսաստանը մշտական ճնշում Է գործադրում ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների վրա. Հիլարի Քլինթոն
Международные новостиՌուսաստանը ձգտում է փոխել Եվրոպայի հետպատերազմյան սահմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը Դեմոկրատական կուսակցությունից հավակնում է երկրի նախագահի պաշտոնին:
Նյու Հեմփշիրի նահանգում կայացած հեռուստաբանավեճերի ընթացքում նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի՝ այս շաբաթ արած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է:
«Կարծում եմ՝ Քարթերն ուշադրություն է դարձնում այն մշտական ճնշման վրա, որը Ռուսաստանը գործադրում է մեր եվրոպական դաշնակիցների վրա, այն մեթոդների վրա, որոնցով նա փորձում է փոխել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում հաստատված սահմանները եւ այն եղանակների վրա, որոնցով նա փորձում է եվրոպական պետություններին հակադրել միմյանց, զավթելով տարածքներ»,- ասել է Քլինթոնը:
Նախկին պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի իր պաշտպանությունը: «Մենք պետք է ավելին անենք ՆԱՏՕ-ի գծով մեր գործընկերներին աջակցելու համար: Եվ մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք Պուտինին այն մասին, որ սահմանների ստուգման նման եղանակները պատասխան կստանան»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: