Թուրքիան մնացել է մենակ և փորձում է հաշտության եզրեր գտնել Իսրայելի հետ
Международные новостиԹուրքիան եւ Իսրայելը պատրաստ են համաձայնություն կնքել «բոլոր վիճելի հարցերի գծով»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը, այսօր հայտնել է թուրքական վարչակազմի մի ներկայացուցիչ:
Ըստ գործակալության` դա կարող է տարածաշրջանում երկու նախկին դաշնակիցների միջեւ հարաբերությունների վերականգնման ազդանշան լինել: Դրանք զգալիորեն վատացել էին այն բանից հետո, երբ 2010 թվականի մայիսին այսպես կոչված «ազատության նավաշարասյան» 6 նավեր փորձել էին ճեղքել Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը եւ մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ, բայց կանգնեցվել էին հրեական պետության իշխանութունների կողմից:
Իսրայելը «նավաշարասյան» հանդիմանը երկու ռազմական նավակ էր ուղարկել, որոնք պետք է նավերին ուղեկցեին Աշդոդ նավահանգիստ: Այնտեղ իշխանությունները խոստացել էին ստուգել բեռը եւ այն ՄԱԿ-ի ուղիներով փոխանցել Գազայի հատված:
Այն բանից հետո, երբ թուրքական «Մավի Մարմարա» նավի անձնակազմը հրաժարվել է կատարել իշխանությունների պահանջները, Իսրայելի զինծառայողները դեսանտ են իջեցրել նավի վրա: Իսրայելյան կողմի համաձայն` թուրքական նավում գտնվող մարդիկ գրոհել են հատուկ նշանակության ջոկատայինների վրա` հարձակվելով դանակներով եւ մահակներով: Դրանից հետո թուրքերին հաջողվել էր խլել մի զինվորի զենքը, սկսվել է փոխհրաձգություն, որի արդյունքում 9 թուրք ակտիվիստներ սպանվել են:
Արդեն 5 տարի է` Թուրքիան Իսրայելից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար եւ տուժածներից յուրաքանչյուրի ընտանքին 1 մլն դոլար փոխհատուցում կատարել: Թել Ավիվը մերժում է Անկարայի պահանջը` պնդելով, որ իր զինծառայողները գործել են միջազգային համաձայնագրերի եւ իրավունքի շրջանակում: Այդ միջադեպից հետո երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են: