PKK-ն մտադիր է Թուրքիայում զինված դիմադրությունը շարունակել մինչեւ Քուրդիստանի ազատագրումը
Международные новостиՔուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի առաջնորդ Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ մտադիր են Թուրքիայում զինված դիմադրությունը շարունակել այնքան ժամանակ, մինչեւ ամբողջ քուրդ ժողովուրդը անկախություն եւ ազատություն ձեռք բերի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրաքյան Կանդիլ լեռան ռազմահանգրվանում «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում քուրդ առաջնորդն ասել է, որ PKK-ն կարող է քրդերի նկատմամբ ճնշումների համար Թուրքիայի իշխանություններին պատասխանել նրանով, որ մարտական գործողություններ կսկսի քաղաքներում:
«Չնայած մինչ այժմ մեր գործողությունների համար ընտրել ենք գյուղական վայրերը, սակայն, ներկայիս պայմանները թելադրում են մարտավարությունը փոխելու անհրաժեշտություն», -ասել է Քարայըլանը:
Նրա խոսքով` թուրքական պետությունը դեմոկրատական ինքնավարություն ստեղծելու համար պայքարող քրդերի դեմ լայնամասշտաբ պատերազմ է վարում:
«Մենք զենքը վայր կդնենք այն ժամանակ, երբ թշնամանակ գրոհները կդադարեն եւ մեր ժողովուրդը ազատություն եւ անկախություն ձեռք կբերի: Մենք մտադիր ենք Քուրդիստանում զինված դիմադրությունը շարունակել այնքան ժամանակ, մինչեւ մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանն ու ամբողջ քուրդ ժողովուրդը ազատություն եւ անկախություն ձեռք բերի», -ասել է նա:
Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ իրենք բազմաթիվ ապացույցներ ունեն այն մասին, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը բազմակողմանի աջակցություն են ցուցաբերել Ալ Կաիդա ահաբեկչական խմբավորումից դուրս եկած Սիրիայում ջիհադական կազմակերպություններին:
«Քրդերը փաստագրական ապացույցներ ունեն այն մասին, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» (ԻՊ), «Ջեբհաթ ան Նուսրա» եւ այլ արմատական խմբավորումներին, այդ կապը բացատրվում է գաղափարական հարազատությամբ, ինչպես նաեւ ընդհանուր ռազմավարական շահերով: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը Ալ Կաիդայի սալաֆի (իսլամի սունի ծայրահեղականներ) խմբավորումների եւ Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ զինել են Սիրիայում արմատական սալաֆիական խմբավորումներին, որոնք իրենց բոլոր գործողությունները կառուցում են շարիաթի վրա: Սիրիացի քրդերը` Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ներկայացուցիչները եւ քրդական այլ ուժերը խիստ տարբերվում են նրանցից կյանքի եւ պետական կառուցվածքի նկատմամբ իրենց ժամանակակից, աշխարհիկ հայացքների համար, եւ հենց դրանում է կայանում այն ատելության պատճառը, որ ջիհադականները տածում են սիրիացի քրդերի նկատմամբ:
«Հենց սկսզբից Թուրքիան սնել, ամեն կերպ աջակցել է ԻՊ-ին եւ «Ջեբհաթ ան Նուսրա»-ին: Մենք 100 տոկոսով համոզված ենք այն բանում, որ Թուրքիան կապեր է պաշտպանում ԻՊ-ի հետ: Ավելին, մենք դա տեսել ենք սեփական աչքերով: Բազմիցս ֆիքսել ենք թուրքական իշխանության վերնախավի ներկայացուցիչների հանդիպումները ԻՊ-ի անդամների հետ: Ռոժավայի (սիրիական Քուրդիստան) տարածք «Ջեբհաթ ան Նուսրա»-ի եւ ԻՊ-ի մարտիկներն անցել են Թուրքիայի տարածքից», -նշել է PKK-ի ներկայացուցիչը:
Մուրադ Քարայըլանը PKK-ն գլխավորում է 1999 թվականից Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո: Թուքրիան եւ ԱՄՆ-ը PKK-ն ահաբեկչական կազմակերպություն են համարում: Եվրամիությունը PKK-ին ահաբեկչական կազմակերպութուններից հանել է 2008 թվականին: PKK-ն Թուրքիայում քրդերի զինված ազատագրական պայքարը սկսել է 1984 թվականից: